Հայաստանի գործարարները քննարկել են կորպորատիվ կառավարման խնդիրներն ու փորձը

Արմինֆո. Անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցավ կորպորատիվ կառավարման հարցերին նվիրված միջազգային համաժողով` “Կորպորատիվ կառավարման արդի միտումները. միջազգային փորձը և հայկական իրականությունը”: Համաժողովն ընթանում էր “Բարեվարքություն, վստահություն, ներդրումներ” կարգախոսի ներքո։ Համաժողովը կազմակերպվել էր Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակիցը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանին խնդրեց պատմել այն մասին, թե ինչպես է ընթացել համաժողովը, և ինչ հետևություններ են արվել դրա արդյունքում:

— Նարինե՛, ինչպես հասկացա, ձեր համաժողովն իր ուշադրությամբ պատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան ՔերոբյանըԳովելի է, որ տնտեսական իշխանությունները հասկանում են երկրում կորպորատիվ կառավարման համակարգի`  որպես բիզնեսի զարգացման, ռիսկերի կառավարման և տնտեսական արդիականացման լուրջ գործիքի ձևավորման դերը՝ այդ թվում, հաշվի առնելով շրջակա միջավայրի պաշտպանության, բիզնեսի սոցիալական պատասխանատվության (ESG) գործոնները:

— Այո՛, դուք միանգամայն իրավացի եք, այս խնդրին սկսել են ուշադրություն դարձնել նաև պետական կառույցները, և դա մեզ ուրախացնում է։ Դուք գիտեք, որ այդ հարցերով մեր Կենտրոնը շատ վաղուց է զբաղվում, վիթխարի ծավալի աշխատանք է կատարվել, բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել, և ահա, կարծես, սառույցը շարժվեց։ Նախարարը ելույթ ունեցավ համաժողովում և միանշանակ հայտնեց իր աջակցությունն այս շարժմանը՝ կայուն զարգացման, թափանցիկության, մրցունակության բարձրացման, ներդրումային գրավչության և տնտեսական միջավայրի զարգացմանը նպաստող ողջ համալիրն ապահովելու նպատակով: Էկոնոմիկայի նախարարության և մեր կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում մենք պայմանավորվել ենք համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում կորպորատիվ կառավարման բարձր չափորոշիչների ներդրմանը:

— Կորպորատիվ կառավարման համակարգը, ինչպես հայտնի է, նպատակաուղղված է խնդիրների մի ողջ համալիրի լուծմանը։ Կարևորագույններից մեկը բիզնեսի թափանցիկության ապահովումն է և, որպես հետևանք, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարը։ Արդյո՞ք քննարկվել է մեզ համար արդիական այս խնդիրը։

— Այո՛, այդ հարցին մենք որոշակի ժամանակ նվիրեցինք։ Համաժողովում ելույթ ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով մասնակիցներին պատմեց երկրում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքի մասին: Նա նշեց, որ հանձնաժողովն աշխատանք է սկսել պետական հատվածում բարեվարքության մշակույթի զարգացման, ինչպես նաև կոռուպցիայի հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկվածության և ընկալունակության բարձրացման, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության նպատակով: Նա ճիշտ նկատեց, որ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը թույլ կտա բարձր էթիկական մակարդակում աջակցել սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման համար այդքան անհրաժեշտ պետության և մասնավոր հատվածի միջև գործընկերության բարձր մակարդակը, ինչը թույլ կտա կառուցել կոռուպցիայի կանխարգելման օրինակելի համակարգ, և ինքնին գործարար էթիկայի, գործարար մշակույթի զարգացումը զգալի դերակատարում կունենա տնտեսական աճի ու զարգացման գործում:

— Հետաքրքիր է, որ կորպորատիվ կառավարմանը նվիրված խորհրդաժողովում դուք քննարկել եք նաև, այսպես կոչված, պատասխանատու ֆինանսների կամ պատասխանատու ներդրումների (responsible investments) հետ կապված հարցեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման որակի (ESG) գործոնների հաշվառման տեսանկյունից: Մի բան, որը բավականին նոր է հայկական բիզնեսի համար։

— Մենք համաժողովին հրավիրել էինք PricewaterhouseCoopers ընկերության Շվեյցարիայի գրասենյակի տնօրենին՝ կայուն ֆինանսների փորձագետ Անտոնիուս Կումբարակիսին, ով համաժողովի մասնակիցներին ծանոթացրեց կայուն զարգացման հայեցակարգին, հատկապես, ներկա իրավիճակում, երբ ողջ աշխարհն ապրում է տնտեսական, քաղաքական, բնապահպանական անորոշությունների պայմաններում, որոնք առանձնակի սրություն են ստանում COVID-19 համավարակի ազդեցությամբ: Ինձ դուր եկավ նրա հղումը Դալայ Լամայի խոսքերին. “Մեր հավաքական և անհատական պատասխանատվությունն է պահպանել և հոգ տանել աշխարհի մասին, որտեղ ապրում ենք”: Կայունությունը, միանշանակ, խնդիր է, որը հավասարապես անդրադառնում է բոլորի վրա՝ այնպես, ինչպես կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը և շրջակա միջավայրի վերականգնումը: Նա ասաց, որ ընկերությունների մեծ մասը, հատկապես, զարգացող երկրներում, չեն ցանկանում փող ծախսել կայուն զարգացման համար, սակայն ESG-ն աստիճանաբար թափ է հավաքում նաև նոր շուկաներում, որոնց զարգացման համար անհրաժեշտ են ներդրումներ: Ի վերջո, կայուն ֆինանսները վերաբերում են ֆինանսական ցանկացած ծառայության կամ գործիքի, որը բնապահպանական, սոցիալական և կառավարման չափորոշիչները միավորում է գործարար կամ ներդրումային որոշումներին` երկարաժամկետ օգուտներ ստանալու համար: Դա օգուտ է ինչպես հենց տնտեսական գործակալների, այնպես էլ նրանց հաճախորդների, իսկ ընդհանուր առմամբ, նաև հասարակության համար:

Նշվեց, որ ներկայումս համաշխարհային շուկայում ներկայացված են բազմաթիվ ֆինանսական պրոդուկտներ։ Դրանց մեծ մասը “կանաչ” են, սակայն հարց է, թե որքանով են դրանք կանաչ իրականում: 2008 թվին ԵՄ-ը ստեղծել է կայուն ֆինանսավորման փորձագետների խումբ, որը, մի կողմից, տրամադրում է կլիմայական պայմանների բարելավման ուղեցույցներ և գործողությունների ծրագիր, իսկ մյուս կողմից, ապահովում կայուն տնտեսական գործունեության ընդհանուր ընկալումը, իսկ մեխանիզմները ներառում են ոլորտների լայն շրջանակ՝ խարդախությունից մինչև գործառնական գործունեություն: Եվ դա ավելին է, քան պարզապես հաշվետվողականությունը:

Բայց, ինչը կարևոր համարեց մեր հյուրը, դա այն է, որ այս ոլորտում արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են մարդկանց աշխարհայացքի հիմնարար փոփոխություններ: Միաժամանակ, տեղի է ունենում սերնդափոխություն, իսկ դրան հաջորդում է նաև նախասիրությունների փոփոխությունը, և այսօր ESG-ը ոչ միայն տուրք է նորաձևությանը կամ մարքեթինգային գործիք, դա երկարաժամկետ կարևոր միտում է, որը խրախուսում է նորարարությունը և նպաստում թափանցիկությանը։

— Խորհրդաժողովի ընթացքում Դուք անդրադարձաք կառուցողական ներդրումների թեմային։ Եկե՛ք պարզաբանենք՝ ինչ է հասկացվում “կառուցողական ներդրումներ” ասելով, ինչպես են այդ ներդրումներն առնչվում կորպորատիվ կառավարմանը, և ինչ դեր են խաղում այս ամենում բիզնեսի բարեվարքությունն ու էթիկական մշակույթը:

— Կառուցողական կապիտալը՝ պատասխանատու, թափանցիկ, հաշվետու ներդրումներ են։ Այլ կերպ ասած՝ դա ֆինանսական հոսքեր են, որոնք լավ են կարգավորվում և կառավարվում են ինչպես ֆինանսավորման աղբյուրում, այնպես էլ նպատակակետում: Եվ դա վերաբերում է ոչ միայն օրենսդրությանը, այլև ինքնակարգավորման մեխանիզմներին։ Պատասխանատու ներդրողները տարածում են բիզնես-մշակույթ, ինչի արդյունքում, որպես կառուցողական ներդրումների ընդհանուր ազդեցություն, ձևավորվում է թափանցիկ, հաշվետու գործարար միջավայր, նվազում է կոռուպցիան, խթանվում է էթիկական մշակույթը, առաջին պլան է գալիս բնապահպանական և սոցիալական անվտանգությունը։ Դրանք նպաստում են ոչ թե առանձին անհատների կամ խմբերի, այլ հանրային կյանքի որակի բարձրացմանը: Կառուցողական ներդրումները կատարվում են որոշակի ընկերություններում, սակայն դրանց ազդեցությունը դուրս է գալիս այդ ընկերությունների շրջանակներից: Իրենց ներդրումների անվտանգության նպատակով ներդրողները կենտրոնանում են օրենքի գերակայության և ինստիտուտների զարգացմանը նպաստող կանոնների վրա: Կորպորատիվ կառավարման որակը վճռորոշ նշանակություն ունի կառուցողական կապիտալի համար: Կարելի է ասել, որ կառուցողական կապիտալն ապրում է կորպորատիվ կառավարման սկզբունքներով և կանոններով։

Հայաստանում կորպորատիվ կառավարման համակարգի բարելավման համար Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ ստեղծել է Բիզնեսի բարեվարքության ակումբ՝ որպես հայկական գործարար համայնքի առաջին հավաքական նախաձեռնություն։ Ակումբը նպատակ ունի բարձրացնել վստահությունը Հայաստանի տնտեսական համակարգի նկատմամբ, աջակցել երկարաժամկետ, համբերատար և կառուցողական ներդրումներին, ինչպես նաև տնտեսական զարգացմանը:

— Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցեր: Դուք քննարկե՞լ եք, թե ինչպես կարելի է, ընդհանրապես, դիմակայել ֆորս-մաժորների՝ ըստ Թալեբի, այսպես կոչված, “սև կարապների” առաջացմանը։

— Այդ հարցերին համաաժողովում նվիրված էր մի ամբողջ նստաշրջան։ Ակտիվ ելույթ ունեցան Սերբական Telenor Serbia ընկերության հաղորդակցության հարցերով խորհրդական Սանդրա Սթայները և Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Տիգրան Դավթյանը: Սա շատ արդիական հարց է Հայաստանի համար, որին վիճակված էր ոչ միայն բախվել կորոնաճգնաժամին, այլև վերապրել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը հանգեցրեց քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման։ Մենք քննարկեցինք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ճգնաժամի ժամանակ ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները, ճգնաժամի հետևանքները աշխատակիցների և ղեկավարության համար, թե ինչ որոշումներ պետք է կայացնի տնօրենների խորհուրդը հուզական սթրեսի պայմաններում` միաժամանակ պահպանելով մտավոր կենտրոնացումը և եռանդը, և ինչպես տնօրենների խորհուրդը կարող է ոգեշնչել թիմին ճգնաժամային իրավիճակներում: Դավթյանը, իմ կարծիքով, ճիշտ  նշեց, որ անհրաժեշտ է ոչ միայն կանխատեսել ճգնաժամերը, այլև միշտ պատրաստ լինել դրանց։ Այսպես, նա պատմեց, որ ճգնաժամի ժամանակ Ամերիաբանկը կենտրոնացել է իր անդամների իրական անկախության և գործադիր թիմի հետ տնօրենների խորհրդի գործակցության  վրա: Բանկի խորհրդի յոթ անդամներից հինգն անկախ են, ունեն իրենց մասնագիտացման բնագավառները և միշտ պատրաստ են իրենց գիտելիքները կիսել ղեկավար թիմի հետ: Առանձնակի կարևոր է, երբ ճգնաժամային իրավիճակներում կազմակերպությունը գործում է որպես մեկ միասնական ամբողջություն:

Իսկ Սանդրա Սթայների կարծիքով, ճգնաժամերի ժամանակ աշխատակիցները, որպես կանոն, վախեցած են և նայում են ղեկավարության, խորհրդի վարքագծին: Նման պահերին շատ կարևոր է աշխատակիցների հետ կիսվել անհրաժեշտ տեղեկատվությամբ, տալ հստակ և իրատեսական առաջադրանքներ։ Հարկավոր է հակաճգնաժամային կառավարման թիմ, դերերի հստակ բաժանում՝ ով և ինչ պետք է անի, և երբ։ Նա նույնպես ընդգծեց, որ ճգնաժամային կանխատեսումը շատ է օգնում իրական ճգնաժամի պայմաններում, և չպետք է մոռանալ մանրուքների  մասին ևս:

Ընդ որում, համաժողովի մասնակիցները նշեցին, որ վատթարագույնը, ինչ կարող է տեղի ունենալ կորպորատիվ կառավարման համակարգում, խորհրդի և գործադիր մարմնի լիազորությունների ոչ հստակ տարանջատումն է: Որոշ դեպքերում խորհուրդը ստանձնում է ավելի շատ պարտականություններ, իսկ որոշ դեպքերում ՝ հակառակը։ Լիազորություններն ու պարտականությունները պետք է լինեն խիստ և ճիշտ հավասարակշռված, և այդ ոսկե կանոնը պետք է աշխատի, և ոչ միայն ճգնաժամային կառավարման ռեժիմում։

— Ռիսկերի կառավարման տեսանկյունից համաաժողովի ընթացքում անդրադարձ է եղել նաև կիբերանվտանգության հարցերին: Պատմե՛ք, թե ինչ հետևության են հանգել համաժողովի մասնակիցները կորպորատիվ կառավարման համակարգի ձևավորման քննարկմանն այս առումով:

— Այս թեմայի շուրջ համաժողովի մասնակիցների հետ շփվեց “Ուկրէկսիմբանկի” անկախ տնօրեն Դիմիտրի Չիչլոն: Նա պատմեց այն մասին, թե ինչպես չորս տարի առաջ աշխարհը գրոհի էր ենթարկվել NotPetya վնասակար ճիճվի կողմից։ Ուկրաինան, օրինակ, դրա պատճառով կորցրել է իր ՀՆԱ-ի 0,5 տոկոսը։ Ուստի, նման հարցերին պետք է շատ լուրջ վերաբերվել՝ բիզնեսի երկարաժամկետ ռազմավարությանը ՏՏ-մոդելի ինտեգրման միջոցով։ Անհրաժեշտ է մշտադիտարկում ինչպես մարդկանց, այնպես էլ գործընթացների մակարդակով։ Դա, ինչպես ասվեց համաժողովի ժամանակ, ավելի շուտ փիլիսոփայություն է, քան տեխնիկական մանրուք։ Եթե ես ունեմ բիզնես, ես պետք է մտածեմ դրա անվտանգության մասին:

Հայաստանի Կենտրոնական Բանկի ՏՏ տնօրեն, կորպորատիվ ծառայությունների տնօրինության ղեկավարի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանի համոզմամբ՝ հարյուր տոկոսանոց անվտանգության հասնել անհնար է, քանի որ հնարավոր չէ ծածկել բոլոր ռիսկերը: Կա վիճակագրություն: Եթե դուք ցանկանում եք ծածկել ձեր ռիսկերի ավելի քան 85%-ը, դուք պետք է ներդնեք նույնքան գումար: Դա նշանակում է, որ պետք է գնալ որոշակի ռիսկի: Հետևաբար, տնօրենների խորհուրդը պետք է որոշի ռիսկ-ախորժակը և ռիսկերի կառավարման ռազմավարությունը։ Շատ կարևոր է հասկանալ, որ կիբերանվտանգությունը մարդկային մշակույթ է, այլ ոչ թե, պարզապես, տեխնոլոգիա: Եթե դուք չփոխեք ձեր մտածելակերպը, դուք չեք կարողանա անցնել բիզնեսի հաջորդ` ավելի բարձր մակարդակ, որը հիմնված է կորպորատիվ կառավարման սկզբունքների վրա, և հազիվ թե արժե նոր մտածողություն ակնկալել նաև աշխատակիցներից:

— Շնորհակալ եմ Ձեզանից նման սպառիչ ներկայացման համար: Մնում է միայն հուսալ, որ կորպորատիվ կառավարման իրական, այլ ոչ թե ձևի համար թղթին գրված սկզբունքները, այնուամենայնիվ, աստիճանաբար կներդրվեն նաև Հայաստանի բիզնես-մշակույթի մեջ։ Լավ է, որ դուք դրանով այդքան համառորեն զբաղվում եք, քանի որ, ինչպես հայտնի է, “ընկած քարի տակ ջուրը չի հոսում”: Հաջողությու՛ն:

https://finport.am/full_news.php?id=44165&lang=1

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ:

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.