ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր

Հուշագրի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի գործարար հատվածում բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը, խթանել պետություն և գործարար համայնք համագործակցությունը հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման հարցերում։

Հուշագրով կողմերը պարտավորվում են աջակցել Հայաստանի գործարար համայնքին հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընկալման հարցում։ Այդ նպատակով համատեղ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների իրազեկության բարձրացմանը միտված միջոցառումներ (դասընթացներ, սեմինարներ, կլոր սեղաններ, համաժողովներ և այլն)։

«Էկոնոմիկայի նախարարությունը և Կորպորատիվ կառավարման կենտրոնը, ստորագրելով այս հուշագիրը, մեկտեղում են ջանքերը, որպեսզի միասին ապահովեն բարեվարքության կանոնների լայն տարածումը և հակակոռուպցիոն համապատասխանության ընկալումը Հայաստանի գործարար միջավայրում։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ բիզնեսները վստահեն միմյանց, և վստահեն նաև պետությանը։ Այս առումով Կորպորատիվ կառավարման կենտրոնը շատ մեծ առաքելություն է ստանձնել, և մենք պատրաստ ենք աջակցել իրեն», — հուշագրի ստորագրումից հետո նշել է Վահան Քերոբյանը։

«Մեր կազմակերպությունն արդեն տարիներ շարունակ իր առաքելությունն է իրականացնում կորպորատիվ կառավարման լավ մշակույթը Հայաստանում տարածելու ուղղությամբ։ Մինչ այս փաստաթղթի ստորագրումը, մենք համագործակցել ենք Էկոնոմիկայի նախարարության հետ, սակայն նման փաստաթղթավորում դեռ չէր եղել։ Կենտրոնը հանդես է եկել մի շարք կարևոր նախաձեռնություններով, այդ թվում՝ Բիզնեսի բարեվարքության ակումբի ձևավորմամբ, որում ունենք 23 անդամ՝ բիզնեսի ներկայացուցիչներ, անձինք, ովքեր ունեն կորպորատիվ կառավարման հանձնառություն։ Մենք համատեղ ուժերով, ինչպես փորձագիտական, այնպես էլ պետական ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով, գործարար դաշտը պետք է դարձնենք ավելի թափանցիկ, պատասխանատու և ազնիվ», — ասել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։

«Կորպորատիվ Կառավարման Կենտրոն»-ը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) ֆինանսավորմամբ իրականացնում է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածը ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» դրամաշնորհային ծրագիրը։

ՀՀ կառավարությունը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշումը:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի նախագիծ
Բիզնեսի բարեվարքության ակումբը կազմակերպում է հերթական քննարկումը

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.