Կանոնագրքին համապատասխանության վերլուծության մեր ծառայություններն օգնում են կազմակերպություններին ընկալել կորպորատիվ կառավարման իրենց համակարգի մեկնարկային վիճակը, բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները: Արդյունքահեն մոտեցմամբ մենք մշակում ենք նպատակային առաջարկություններ, որոնք ոչ միայն ուղղված են Կանոնագրքին համապատասխանության ապահովմանը, այլև կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ
ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈւՂՂՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կանոնագրքին համապատասխանության վերլուծություն

Կորպորատիվ քաղաքականությունների և փաստաթղթերի նախագծում
Կորպորատիվ կառավարման ձեռնարկ
Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին մշակել կորպորատիվ կառավարման համապարփակ ձեռնարկ, որը կազմակերպությանը հնարավորություն է տալիս կորպորատիվ կառավարման իր պրակտիկան ձևավորել Կանոնագրքի Սկզբունքներին ներդաշնակ:
Ձեռնարկը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` խորհրդի կազմն ու կառուցվածքը, գործունեության և դրա գնահատման կարգը, գործառույթների և պարտականությունների շրջանակը, ժողովների հրավիրման և անցկացման ընթացակարգերը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, շահակիցների հետ հարաբերությունների ձևավորումը, կորպորատիվ հաշվետվողականության ու թափանցիկության ապահովումը, ներքին հսկողության համակարգի կառուցավորումը: Ձեռնարկն օգնում է կազմակերպությանը ձևավորել պատշաճ կորպորատիվ կառավարման ամուր հիմքեր:
Խորհրդի և հանձնաժողովների կանոնակարգերի նախագծում
Մենք օգնում ենք կազմակերպություններին մշակել խորհրդի և հանձնաժողովների կանոնակարգեր, որոնք հստակ սահմանում են կորպորատիվ դերերը, պարտականությունները և սպասումները: Կանոնակարգերը խորհրդի և հանձնաժողովների համար ծառայում են որպես ուղենիշ իրենց գործունեությունը կազմակերպության արժեքներին և ռազմավարական նպատակներին համապատասխան ծավալելու համար:
Կորպորատիվ քաղաքականությունների նախագծում
Մենք համագործակցում ենք հաճախորդների հետ իրենց կորպորատիվ քաղաքականությունները մշակելու և իրագործելու հարցում: Կորպորատիվ քաղաքականությունները խթանում են կազմակերպության բարեվարքությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, պատասխանատվությունը: Նման քաղաքականություններից են կորպորատիվ վարքականոնները, շահութաբաժնային, բազմազանության, վարձատրության, տեղեկատվության, ազդարարման, շահերի բախման, շահակիցների հետ հաղորդակցման քաղաքականությունները:

Կորպորատիվ կառավարման վերաբերյալ ուսուցումներ և սեմինարներ
Մենք առաջարկում ենք կորպորատիվ կառավարման թեմատիկ անհատականացված ուսումնական ծրագրեր և սեմինարներ՝ օգնելով խորհրդի անդամներին, ղեկավարներին, կորպորատիվ քարտուղարներին և կորպորատիվ կառավարման այլ պատասխանատուներին տեղեկացված լինել կորպորատիվ կառավարման միտումների և լավագույն փորձի վերաբերյալ և պահպանել իրենց գիտելիքների արդիականությունը։
Մեր ուսումնական ծրագրերը ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են խորհրդի և խորհրդի անդամների դերը կորպորատիվ կառավարման համակարգում, էթիկական առաջնորդումը և էթիկական որոշումների կայացումը, հակակոռուպցիոն համապատասխանությունը, ներքին հսկողության համակարգի կառուցավորումը, շահակիցների հետ հարաբերությունների կառուցումը, բաժնետերերի իրավունքները և այլն։

Կորպորատիվ հաշվետվությունների մշակում և ներկայացում շահակիցներին
Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին Կանոնագրքի Սկզբունքներին համապատասխան կորպորատիվ հաշվետվությունների մշակման և ներկայացման հարցում` խթանելով ֆինանսական և ոչ ֆինանսական կատարողականի, ռազմավարության իրագործման և կառավարման համակարգի մասին բաժնետերերի և շահակիցների հետ հաղորդակցվելու նրանց կարողությունները:
Կանոնագրքին համապատասխան տարեկան հաշվետվությունը, բացի ֆինանսական հաշվետվություններից, ներառում է խորհրդի նախագահի և գործադիր մարմնի ղեկավարի ուղերձը, գործադիր մարմնի զեկույցը, կազմակերպության նպատակները և կայունության հաշվետվությունը, շահագրգռվածության առկայությամբ (փոխկապակցված) գործարքներին վերաբերող տեղեկատվությունը, կազմակերպության կորպորատիվ կառավարման զեկույցը, այդ թվում` կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիրը:
*Կենտրոնը ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ծառայություններ չի մատուցում։


