Հոկտեմբերի 8-ին «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերությունը և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում համատեղ կազմակերպել էին «Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառումը» թեմայով քննարկում, որը վարեց Գրանթ Թորնթոն Հայաստանի գործընկեր Ազատ Մանուկյանը:
Միջոցառման հատուկ հյուրն էր Գրանթ Թորնթոն Իռլանդիայի գործընկեր Քեվին Քոլմանը, ով ներկայացրեց Կանոնագրքի առանցքային սկզբունքի` խորհրդի գնահատման պրակտիկայի զարգացման նպատակահարմարությունը: Նա անդրադարձավ խորհրդի գնահատման բաղադրիչներին, հիմնական շրջանակին ու մեթոդաբանությանը:
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը, հիմնվելով ցուցակված ընկերությունների կողմից հրապարակված կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրերի Կենտրոնի ուսումնասիրության արդյունքների վրա, քննարկման մասնակիցների ուշադրությունը գրավեց Կանոնագրքի կիրարկման հիմնահարցերի վրա: Կանոնագրքի կիրարկման ներկա փուլում նա կարևորեց ընկերություններին խորհրդատվական աջակցության տրամադրումը:
Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել իրենց փորձով և իրենց հուզող հարցերն ուղղել բանախոսներին:








