Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ս.թ. օգոստոսի 15-ին Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում հրավիրել էր «Խորհրդի դերը կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրարկումն ապահովելու հարցում» գործարար նախաճաշը:
Միջոցառման շարժառիթը հուլիսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքն էր:
Նախաճաշի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի Եվրոպա և Եվրասիա (CIPE) տարածաշրջանային տնօրեն Նատալիա Օտել Բելանը: Նա նշեց կորպորատիվ կառավարման անհրաժեշտությունը բաց ու արդար շուկայական հարաբերությունների ձևավորման, ընկերությունների հաշվետու ու թափանցիկ գործելաոճի ամրապնդման համար: Ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման առնչությամբ նա կարևորեց խորհրդի, հատկապես` խորհրդի անկախ անդամների դերը, և առաջարկեց Հայաստանում ձևավորել խորհրդի անկախ անդամների ռեեստր:
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն և Բիզնեսի բարեվարքության ակումբի քարտուղարության համակարգող Նարինե Մելիքյանը, ներկայացնելով Կանոնագրքի առանցքային փոփոխությունները, բացեց քննարկումը:
Միջոցառման մասնակիցները հայտնեցին իրենց համակարծությունը հավաքական ջանքերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Կանոնագիրքը Հայաստանի կորպորատիվ կառավարման շրջանակներում գտնի իր արժանի տեղը և ծառայի իր նպատակներին: Որպես առաջարկություններ նրանք ընդգծեցին Կանոնագրքի ներդրման ռազմավարության և դրա կատարողականի առանցքային ցուցանիշների մշակումը, լուսաբանման, իրազեկման արշավների, այդ թվում` ուղեցույցների, բացատրական նյութերի մշակումը և տարբեր շահակիցների համար վերապատրաստումների կազմակերպումը: Մասնակիցների կողմից առանձնակի կարևորվեցին ընկերությունների նկատմամբ աջակցության ու խրախուսման, այդ թվում` պետական կառուցակարգերի կիրառումը, դրանց կարողությունների զարգացման միջոցով հաջողության պատմությունների և «չեմպիոնների» ձևավորումը, որոնց փորձը կարող է ուսանելի լինել գործարար համայնքի այլ ներկայացուցիչների համար:
Միաժամանակ, մասնակիցները նշեցին, որ իրազեկման, խորհրդատվական աջակցության թիրախային միջոցառումները կարող են պայմաններ ձևավորել ընկերությունների կողմից Կանոնագրքի սկզբունքների իմիտացիոն կիրառումից խուսափելու և դրանց գիտակցված ներդրումն ապահովելու համար:
Նախաճաշին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատուները, CIPE-ի, CLDP-ի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, միջազգային կառույցների ու ծրագրերի ներկայացուցիչները, հայաստանյան և արտասահմանյան ընկերությունների խորհրդի և գործադիր մարմնի անդամներ:
Նախաճաշը կազմակերպվել էր Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի կողմից աջակցվող «ԵՎՐԱՍԻԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ. ներառական և էթիկական գործարար առաջնորդության խթանում» ծրագրի շրջանակներում:









































