Խորհրդի անդամը միայն պաշտոն կամ սոցիալական դիրք չէ: Այն պատասխանատվություն է թե՛ կազմակերպության, թե՛ հասարակության առաջ։ Խորհրդի անդամի դիրքորոշումը, որը կարող է վերածվել կորպորատիվ որոշման, խոսքը, վարքագիծն էապես ազդում են կորպորատիվ արդյունավետության, կատարողականի և հեղինակության վրա։
Այս նկատառումով Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը մշակել է «Խորհրդի անդամի վարքագծի կանոններ» ուղեցույցը:
Ուղեցույցը պարզապես սկզբունքների և կանոնների ժողովածու չէ։ Այն նպատակ է հետապնդում հայաստանյան կազմակերպություններում խթանել էթիկական և համարձակ առաջնորդությունը` կորպորատիվ արժեքներին հավատարիմ մնալու և վստահված անձի պարտականությունները հարգելու խորհրդի անդամների կարողությունները:
Մայիսի 27-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը կազմակերպել էր «Խորհրդի անդամի վարքագծի կանոններ» ուղեցույցի շնորհանդեսը, որում Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրեց և քննարկման առարկա դարձրեց ոչ միայն ուղեցույցը, այլև Կենտրոնի կողմից իրականացված «Խորհուրդ և կորպորատիվ էթիկա. հայաստանյան ընկերությունների իրավիճակային վերլուծություն» փորձագիտական հարցման արդյունքները:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվել և դասեր քաղել խորհրդի էթիկական առաջնորդման միջազգային փորձից, որը ներկայացրեց Governance Perspectives ընկերության տնօրեն, Ethics & Boards ընկերության ավագ խորհրդատու Քրիս Հոջը:
Միջոցառումը կազմակերպվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով:





