Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն օգոստոսի 13-ին կազմակերպել էր Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում: Հանդիպումը նվիրված էր Կենտրոնի կողմից իրականացված «Հնարավո՞ր է արդյոք «շահակիցների կապիտալիզմին» անցումը Հայաստանի գործարար միջավայրում» փորձագիտական հարցման արդյունքների քննարկմանը:
Հարցումն անցկացվել է 2021թ. փետրվար-մարտ ամիսներին` 50 փորձագետի ներգրավվածությամբ: Այն նպատակ է հետապնդել`
- բացահայտել Հայաստանում «շահակիցների կապիտալիզմի» էության ընկալումը,
- դիտարկել հայաստանյան գործարար միջավայրում «շահակիցների կապիտալիզմին» անցման հնարավորությունները և դրա վրա ազդող գործոնները,
- պարզել հայաստանյան գործարար միջավայրում «շահակիցների կապիտալիզմին» անցման հիմնական եղանակները:
Հարցման արդյունքներով կարելի է եզրահանգել, որ վերնագրում բարձրացված հարցի պատասխանը դրական է, քանի որ փորձագետների 88 %-ը կարևորել է այդ անցման անհրաժեշտությունը, իսկ 38 %-ն` առաջիկա երեք տարիների կտրվածքով այն համարել իրատեսական: Սակայն գործնական շոշափելի և տեսանելի արդյունքների հասնելու համար այդ անցումը ընկերություններից պահանջելու է ոչ միայն սեփական կորպորատիվ կառավարման համակարգի վերաիմաստավորում, այլև փոփոխություններ ընկերությունների բարձրագույն ղեկավարության աշխարհընկալման մեջ:
Հարցման արդյունքներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Հարցումն ու դրա արդյունքների ներկայացումը կազմակերպվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ իրականացվող «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում: