Փետրվարի 26-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը եզրափակեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստում – 2025-2026-ը:
Վերապատրաստումը մեկնարկել էր անցած տարվա նոյեմբերի 21-ին «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից, և իրականացվում Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ:
Վերապատրաստման եզրափակիչ միջոցառումը հրավիրվել էր կազմակերպիչների և մասնակիցների համատեղ ուժերով՝ անցած ուղին ամփոփելու և դրանից դասեր քաղելու նպատակով:
Վերապատրաստման մասնակիցներին ողջույնի և ուղերձի խոսք հղեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց կարծիքը, մոտեցումներն ու առաջարկությունները Վերապատրաստման վերաբերյալ:
Միասնական եզրահանգումն է` Վերապատրաստումը հաջողել է, ինչի մասին են վկայում և՛ քանակական, և՛ որակական ցուցանիշները:
«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստում – 2025-2026-ը տվել է 48 շրջանավարտ, որոնք ոչ միայն մասնավոր, այլև հանրային, ոչ առևտրային հատվածի բարձր պրոֆեսիոնալներ են: Նշանակալի ձեռքբերումներից է տղամարդկանց մասնակցությունը, քանի որ Վերապատրաստման արդյունքում փոխանցվող գիտելիքը չի ճանաչում սեռային պատկանելիություն, և այն նույնքան օգտակար է ինչպես խորհրդի կին, այնպես էլ տղամարդ անդամի կամ դրա թեկնածուի համար:
Ոգևորիչ է այն փաստը, որ Վերապատրաստման բոլոր բաղադրիչներն արժանացել են մասնակիցների բարձր գնահատականին: Առանձնահատուկ նշանակություն ունի մասնակիցների գիտելիքների աճը, որը կազմել է 78%: Բացի այդ, Վերապատրաստման մասնակիցների 98%-ն արտահայտել է պատրաստակամություն ջատագովելու ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրումը սեփական կազմակերպություններում:
Իր ելույթում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՄԹ կառավարությանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնին, Վերապատրաստման անփոխարինելի դասընթացավարներ Ելենա Խաչվանքյանին, Հասմիկ Խաչատրյանին, «Հատուկ հյուր» ձևաչափով հանդես եկած բանախոսներ Կլարա Գրուիտրոյին, Վերոնիկա Ազատյանին, Լիլիթ Գևորգյանին, վարպետաց դասեր վարած բանախոսներ Մայքլ Շվայգերին, Սաբին Էվրատին, Դեյվիդ Ռիսերին, Տիգրան Դավթյանին, Գոհար Սիսակյանին և Հագեն Շվայնիցին:
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև Վերապատրաստման բոլոր մասնակիցներին` հետաքրքրված ու նպատակասլաց մասնակցության համար:






































































