Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը, կարևորելով ֆինանսական բարեվարքության ամրապնդումը Հայաստանի գործարար միջավայրում, Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում ս.թ. մայիսի 27-ին և 29-ին մեկ անգամ ևս անցկացրեց «Փողերի լվացումն ու ահաբեկչության ֆինանսավորումը և դրանց կանխարգելումը» վերապատրաստումը: Եթե փետրվար ամսին կայացած առաջին վերապատրաստման հասցեատերը Հայաստանում գործող գործարար ասոցիացիաներն էին, ապա այս անգամ թիրախավորվել էին Բիզնեսի բարեվարքության ակումբի մասնակիցները և ՓԼ/ԱՖ օրենսդրությամբ հաշվետվություն տրամադրող այլ անձինք:
Վերապատրաստումն անցկացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ և Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման աջակցության շրջանակում ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքին. հանրային և մասնավոր հատվածների միջև համակարգման ամրապնդում» ծրագրի շրջանակներում:
Վերապատրաստման դասընթացավարներն էին Հասմիկ Խաչատրյանը և Նարինե Մելիքյանը: Վերապատրաստման մասնակիցների հետ իրենց փորձով և գործնական խորհուրդներով կիսվելու համար հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրվել էին Հայաստանի առաջատար առևտրային բանկերի ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավարները, մասնավորապես` «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ֆինանսական մոնիթորինգի բաժնի պետ Զարուհի Ավակիմյանը և «Արարատբանկ» ԲԲԸ-ի ներքին դիտարկումների բաժնի պետ Գրիգոր Վեզիրյանը։
Վերապատրաստմանը մասնակցել է ավելի քան 50 անձ, որոնք բավական բարձր են գնահատել վերապատրաստման բովանդակությունը, դասընթացավարների աշխատանքը և հատուկ հյուրերի ներդրումը:
Վերապատրաստմանը հաջորդելու է հունիսի 6-ին կայանալիք փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելիչ միջոցառումների մասին վեբինարը, որը վարելու է ռիսկերի կառավարման և համապատասխանության ոլորտում միջազգային փորձագետ Մարտին Բոտոֆը:
Ծրագրային կարևոր միջոցառումներից է վերապատրաստման մասնակիցների մենթորությունը, որի ընթացքում վերապատրաստման մասնակիցներին տրամադրվելու է աջակցություն ՓԼ/ԱՖ ներքին իրավական ակտերի (քաղաքականություն, հայեցակարգ, կանոններ, կանոնակարգ, ընթացակարգ և այլն) մշակման, բարելավման և վերանայման հարցերում:























