Նոյեմբերի 21-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը մեկնարկեց Հայաստանում իր նախադեպը չունեցող «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստումը: Այն նպատակ է հետապնդում կանանց կարողությունները զարգացնելու և ներկայացվածությունը հայաստանյան կազմակերպությունների խորհուրդներում խթանելու միջոցով նպաստել վերջիններիս արհեստավարժությանը և արդյունավետությանը:
Վերապատրաստման մեկնարկի միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Երևանում բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Եվրոպա և Եվրասիա տարածաշրջանային տնօրեն Նատալիա Օտել Բելանը:
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Վերապատրաստման ծրագիրը` նշելով, որ այն մշակվել է` հաշվի առնելով խորհրդի անդամներին հասցեագրված վերապատրաստումների միջազգային լավագույն փորձը: Նա հավելեց, որ Կենտրոնը որպես Վերապատրաստման դասընթացավարներ և բանախոսներ ներգրավել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր կամ հատուկ հյուրի կարգավիճակով կներկայացնեն կորպորատիվ կառավարման արդիական մի շարք թեմաներ:
Վերապատրաստման դասընթացավարներն ու բանախոսներն են Նարինե Մելիքյանը, Ելենա Խաչվանքյանը, Մայքլ Շվայգերը, Կլարա Գրուիտրոյը, Սիլկե Ռոբելլերը, Հասմիկ Խաչատրյանը, Վերոնիկա Ազատյանը, Սաբին Էվրատը, Լիլիթ Գևորգյանը, Դեյվիդ Ռիսսերը և Հագեն Շվայնիցը։
Վերապատրաստման լսարանն աչքի է ընկնում իր բազմազանությամբ: Դրանում ներկայացված են մասնավոր, ոչ առևտրային և հանրային հատվածները: Վերապատրաստման խնդիրներից է նաև նպաստել կորպորատիվ կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածությանը, որն առանձնակի կարևորություն և հրատապություն ունի ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի կիրարկումն ապահովելու լույսի ներքո:
Վերապատրաստումն իրականացվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով:



































