Հունիսի 29-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը կազմակերպեց «Կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները և դրանց արձագանքը Հայաստանում» խորագրով տարեկան համաժողովը։
Միջոցառումն անցկացվեց Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրի շրջանակում։
Համաժողովը բացել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը՝ ընդգծելով կորպորատիվ կառավարման առանցքային դերը գործարար միջավայրի դիմակայունության և մրցունակության ապահովման գործում։
Համաժողովի ընթացքում քննարկվել են կորպորատիվ կառավարման արդիական մի շարք թեմաներ, այդ թվում՝ ներդրումների զննման (screening) համակարգերի ներդրման հնարավորությունները Հայաստանում, G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման առաջընթացը, գործարար բարեվարքության և համապատասխանության մշակույթի զարգացումը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների պայմաններում ընկերությունների խորհուրդների դերի վերաիմաստավորումը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման առանձնահատկություններին և գործարար ասոցիացիաների դերակատարությանը։
Համաժողովի կարևոր իրադարձություններից է ՀՀ ֆինանսների նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի միջև Մտադրությունների հուշագրի ստորագրումը։ Հուշագիրը հիմք է դնում կողմերի համագործակցությանը՝ պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման գործելակերպի շարունակական բարելավման նպատակով։
Համաժողովը համախմբել էր պետական և մասնավոր հատվածների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային գործընկերների (CIPE, ՏՀԶԿ) և տեղական փորձագետների՝ համաշխարհային միտումները քննարկելու, փորձով փոխանակվելու և Հայաստանում կորպորատիվ կառավարման բարելավման ուղղությամբ նոր մոտեցումներ ձևավորելու նպատակով։
Քննարկումներն ընդգծեցին, որ ուժեղ կորպորատիվ կառավարումն առանցքային դեր ունի վստահելի և մրցունակ ներդրումային միջավայրի ձևավորման ու տնտեսական զարգացման գործում։ Քննարկումների արդյունքները հիմքեր են նախապատրաստում Հայաստանում ոլորտի հետևողական բարեփոխումների համար։
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն իր խորին երախտագիտությունն է հայտնում ՄԹ կառավարությանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնին, ինչպես նաև արժեքավոր մասնագիտական ներդրման համար՝ Աշոտ Ուլիխանյանին, Արամայիս Փաշինյանին, Արդիտա Սեկնաջին, Արտակ Մանուկյանին, Գոռ Խաչատրյանին, Դավիթ Մկրտումյանին, Դիմիտրի Չիչլոյին, Եղիշե Կիրակոսյանին, Էդգար Մկրտչյանին, Լիա Հայրապետյանին, Լուիզա Այվազյանին, Հայկուհի Հարությունյանին, Նարինե Մելիքյանին, Սթիվեն Ռոզենլունդին, Տիգրան Ջրբաշյանին, Օլեգ Լագոդիենկոյին, Oլեքսանդրա Օնիսկոյին, Ֆիաննա Յուրդանտին։



















































