Մայիսի 13-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրավիրել էր «Տեխնոլոգիաների դերը տնօրենների խորհրդում» վարպետության դասը, որը վարեց AndSecure ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Դիմիտրի Չիչլոն:
Վարպետության դասի ընթացքում բանախոսը ներկայացրեց տեխնոլոգիաների նշանակությունը գործարար կյանքում և տնօրենների խորհրդի դերակատարումը դրանց ընձեռած հնարավորությունների և ռիսկերի կառավարման հարցում։
Հիմնվելով իր՝ որպես խորհրդի անդամի փորձառության վրա բանախոսը եզրակացրեց, որ ընկերության թվային փոխակերպումը որքան տեխնոլոգիաների ներդրման, այդքան էլ մշակույթի փոփոխության մասին է։ Այն սկսվում է բարձրագույն ղեկավարության կողմից կիբեռանվտանգության՝ որպես գործարար առաջնահերթության գիտակցումից։ Բանախոսն այս համատեքստում ընդգծեց տնօրենների խորհրդի դերակատարումը՝ նշելով, որ խորհրդի անդամները պետք է գիտակցեն կիբեռանվտանգության ռազմավարական նշանակությունը, հնարավոր ռիսկերը, ընկերությանը ներհատուկ կարիքները, ապահովեն հասանելիություն անհրաժեշտ ոլորտային փորձաքննությանը և ռեսուրսներին: Կարևորվեց նաև գործադիր մարմնի կողմից ռիսկերի կառավարման համապարփակ շրջանակների ձևավորումը և պատշաճ հաշվետվականությունը:
Վարպետության դասի ավարտին մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և բարձր գնահատեցին արդիական, բայց միաժամանակ բարդ թեմայի մատչելի ներկայացումը բանախոսի կողմից։


































