Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) և Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) աջակցությամբ ս.թ. օգոստոսի 16-ին հրավիրեց «Կանայք տնօրենների խորհրդում» աշխատաժողովը:
Վերջինիս հրավիրումը պայմանավորված էր երկու շարժառիթով. ԿԿ նոր կանոնագրքի ընդունմամբ, որում ամրագրվել է հետևյալ թիրախը. խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի 30%-ից, և «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման չորրորդ փուլի եզրափակմամբ:
Աշխատաժողովում ողջույնի խոսքով հանդես են եկել Կոնստանտին Սարոյանը, Հասմիկ Զաքարյանը, Քրիսթին Բաշբին, Լուիզա Այվազյանը, Մայքլ Քոֆիլդը և Նարինե Մելիքյանը:
Աշխատաժողովի բանախոսներն էին Նատալիա Օտել Բելանը, Հագեն Շվայնիցը, Կարստեն Բեննիկեն, Թիլլ Վեստրինգը, Ռիչարդ Լեպերը, Քիմբերլի Մաուչեր Լինչը, Հասմիկ Խաչատրյանը, Արամ Բաբայանը, Հասմիկ Ղահրամանյանը, Կարինե Մինասյանը, Մարինա Փսոմասը, Սվետլանա Կարապետյանը, Էնն Սուլտանը, Մայքլ Շվեյգերը և Նարինե Մելիքյանը։
Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի Եվրոպա և Եվրասիա տարածաշրջանային տնօրեն Նատալիա Օտել Բելանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց Կենտրոնի` կանանց տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը միտված գործողությունները, որոնք վերաբերում են գործարար կանանց ձեռնարկատիրական մտածողության և կառավարման հմտությունների զարգացմանը, ցանցային հնարավորությունների, համագործակցության մեխանիզմների և միությունների ստեղծման խթանմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցմանը:
Աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների խորհուրդների անկախ տղամարդ անդամների` իրենց գործընկեր խորհրդի կին անդամների վերաբերյալ դիրքորոշմանը և ընկերությունների երկարաժամկետ հաջողության տեսանկյունից վերջիններիս ներգրավման նպատակահարմարությանը, ինչպես նաև հաղորդակցվել հայաստանյան ընկերությունների խորհրդի կին անդամների հետ, որոնց փորձն առավել քան ուսանելի է դեպի խորհուրդ իրենց ճանապարհը հարթող կանանց համար:
Աշխատաժողովի առանցքային զեկույցները նվիրվել էին կանանց և տղամարդկանց կառավարման ոճերի համեմատական վերլուծությանը, Հայաստանի ֆինանսական հատվածի կառավարման բարձրագույն օղակներում կանանց ներկայացվածությանը, տնօրենների խորհուրդներում կանանց ներկայացվածության հիմնական առավելություններին ու հնարավոր ռիսկերին, բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) քաղաքականության ընդունմանը և դրա համապատասխանության ապահովման մոտեցումներին:
Աշխատաժողովի եզրափակիչ մասում մասնակիցներին ներկայացվեցին նաև «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի առաքելությունը, նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, մասնակցության և կառավարման կարգը, անցկացվեց «Հայ նշանավոր կանայք» վիկտորինան:
Աշխատաժողովն ավարտվեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման չորրորդ փուլի մասնակիցներին հավաստագրերի շնորհման արարողությամբ:

























