Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի, Ասիական զարգացման բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համագործակցությամբ դեկտեմբերի 19-20-ը հրավիրել էր «Կորպորատիվ կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում» աշխատաժողովը:
Աշխատաժողովի հրավիրման հիմնական շարժառիթներն են երկրի տնտեսական համակարգում պետական մասնակցությամբ ընկերությունների (ՊՄԸ-ներ) էական դերակատարումը և դրանով պայմանավորված ՊՄԸ-ներում կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգի ձևավորման անհրաժեշտությունը:
Աշխատաժողովում անդրադարձ կատարվեց ՊՄԸ-ների լավ կառավարման հնարավոր օգուտներին, ներկայացվեցին 2024 թվականի աշնանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ընդունված ՊՄԸ-ների կորպորատիվ կառավարման ուղենիշները, ինչպես նաև ՊՄԸ-ներում բարեվարքության մշակույթի զարգացման և կոռուպցիոն ռիսկերի գնահատման ու կառավարման հիմնական կառուցակարգերը:
Աշխատաժողովում մեկ առանձին նստաշրջան նվիրվել էր «Կորպորատիվ կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում» հետազոտական զեկույցին, որն անդրադառնում է հայաստանյան ՊՄԸ-ների կորպորատիվ կառավարման կողմերին` խորհրդի դերին, ֆինանսական հաշվետվողականությանն ու թափանցիկությանը, ներքին հսկողության կառուցակարգերին և ներքին աուդիտի ընթացակարգերին, պատշաճ գործարար պրակտիկային միտված ջանքերին: Այն բովանդակում է առաջարկներ ՊՄԸ-ների կորպորատիվ կառավարման պրակտիկայի բարելավման և այդ հարցում ընկերությունների պատասխանատուների իրազեկվածությունը բարձրացնելու վերաբերյալ:
Աշխատաժողովում տեղական և արտասահմանյան ՊՄԸ-ների խորհրդի անդամները կիսվեցին խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանը և կորպորատիվ կառավարման համակարգի բարելավմանը միտված սեփական փորձով:
Աշխատաժողովում որպես բանախոսներ հանդես եկան Ասիական զարգացման բանկի անկախ խորհրդատու Գրեգորիո Բելոնդը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ֆինանսական և ձեռնարկատիրական հարցերով տնօրինության վերլուծաբան Թալիսա զը Հաուսենը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի Հակակոռուպցիոն և կառավարման կենտրոնի ծրագրերի ղեկավար Եկատերինա Լիսովան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը, Eric Salmon & Partners խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն Շվայնիցը, AndSecure ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Դիմիտրի Չիչլոն, Լիտվայի Կառավարման կոորդինացման կենտրոնի Մենեջմենթի ստորաբաժանման ղեկավար Ռոմաս Սվեդասը:















































