Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի (Կանոնագիրք) սկզբունքների գործնական կիրառության ընթացքում ծագող խնդիրները քննարկելու և պարզաբանելու նպատակով հունվարի 30-ին անցկացրեց «բաց դռների օր» առաջին միջոցառումը:
Միջոցառման ընթացքում Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանն անդրադարձ կատարեց Կանոնագրքի կիրառման հիմնախնդիրներին, որոնք պայմանականորեն դասակարգվել էին հետևյալ խմբերում. իրավական և կարգավորման, ինստիտուցիոնալ, տնտեսական միջավայրի, մշակութային և վարքագծային, ներկորպորատիվ: Այնուհետև քննարկվեցին ինչպես նախապես ստացված հարցերն ու դիտարկումները, այնպես միջոցառման ընթացքում մասնակիցների մոտ ծագածները: Միջոցառման մասնակիցների գնահատմամբ բարձրացված հարցադրումների պատասխանները սպառիչ ու ամբողջական էին: Միջոցառման մասնակիցների թվում էին գործարար, հանրային հատվածի և քաղ.հասարակության ներկայացուցիչներ:
Նույն նպատակով կազմակերպվելիք «բաց դռների օր» երկրորդ միջոցառումը Կենտրոնը նախատեսում է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, ինչի մասին հնարավոր շահակիցները կծանուցվեն նախապես:
«Բաց դռների օր»-ը կազմակերպվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով:






