Մարտի 6-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրավիրել էր «Ինչպե՞ս մշակել կորպորատիվ քաղաքականությունները» սեմինար-քննարկումը` ի աջակցություն ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքին հետևող կամ նման մտադրություն ունեցող կազմակերպությունների:
Կանոնագիրքն էական դեր է հատկացնում կորպորատիվ քաղաքականություններին և նախատեսում, որ կազմակերպություններն ինքնուրույնաբար ձևավորեն կորպորատիվ կառավարման սեփական պրակտիկան, այդ թվում` «խաղի կորպորատիվ կանոններ» սահմանելով և դրանցով առաջնորդվելով:
Միջոցառման ընթացքում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրեց Կենտրոնի հեղինակած «Ինչպե՞ս մշակել կորպորատիվ քաղաքականությունները» ուղեցույցը, որը բացի կորպորատիվ քաղաքականությունների կառավարման առավելություններից և մեթոդական ուղենիշներից, բովանդակում է նաև որոշ տիպային քաղաքականություններ: Իր ելույթում նա կարևորեց քաղաքականությունների մշակման փաստահեն, ռիսկահեն բնույթը և մասնակցայնության ապահովումը, քանի որ դրանք կարևոր նախապայման են իրագործման պրոցեսում հնարավոր դիմադրությունը հաղթահարելու համար: Այս տեսանկյունից նա նաև հատուկ շեշտադրեց շահակիցների համար ուսուցումների անցկացումը և վերահսկման հստակ կառուցակարգերի սահմանումն ու կիրառումը:
Կորպորատիվ քաղաքականությունների կառավարման իրենց փորձով կիսվեցին հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչները. «Գրանտ Թորնթոն Հայաստան» ընկերության որակի և ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար Ալինա Շիրինյանը ներկայացրեց կորպորատիվ վարքականոնների անհրաժեշտությունը և դրանց կիրառման «Գրանտ Թորնթոն Հայաստան» ընկերության պրակտիկան, «ԱյԴիԲանկ» ՓԲԸ-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը՝ Բանկի հաղորդակցման քաղաքականությունը և կորպորատիվ վարքականոններում դրա ինտեգրման Բանկի մոտեցումները, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը՝ համապատասխանության` որպես ներքին հսկողության էական քաղաքականության անհրաժեշտությունը և դրա գործնական կիրառությունն ապահովող կառուցակարգերն ու պատասխանատուներին «ՖԻՆՔԱ»-ի օրինակով, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխանության բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը հիմնավորեց հակակոռուպցիոն քաղաքականության դերակատարումը կոռուպցիոն ռիսկերի և կազմակերպության գործարար հեղինակության կառավարման հարցերում` ներկայացնելով «Վիվա Արմենիա»-ի փորձը։
Միջոցառումը կազմակերպվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով:






